среда, 1 августа 2018 г.

Մի քարի պատմություն


Հունիսի 28-ին համացանցում հայտնվեց մի տեսանյութ, թե ինչպես է մի երիտասարդ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կռանով քարե սալ ջարդում: Ավելի ուշ պարզվեց, որ քարը ղարաբաղյան պատերազմի տարիներին Աղդամի պաշտպանական շրջանի հրամանատար, Ադրբեջանի ազգային հերոս Ալլահվերդի Բաղիրովին նվիրված սալաքարն է, որը տեղափոխել են Ստեփանակերտ ու ջարդել:

Ալլահվերդի Բաղիրովի մասին հայ հասարակությունը մասնավորապես գիտի իր ընկերոջ՝   1991թ. արցախյան պատերազմի տարիներին Ասկերանի պաշտպանական շրջանի  հրամանատար, Արցախի հերոս, ԱՀ «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշանակիր Վիտալի Բալասանյանի հետ հարցազրույցներից ու ֆեյսբուքյան գրառումներից: Բալասանյանն աղդամեցի Բաղիրովին, ում հետ ծանոթ էր նաև մինչ պատերազմը, ներկայացնում էր միայն դրական լույսի ներքո.  «Պատահել է, որ մեր տղաները վիրավորվել ու հայտնվել են իրենց կողմում, կապավորս տեղեկացրել է ինձ այդ մասին, ես կապ եմ հաստատել Ալլահվերդիի հետ ու նա միանգամից վերադարձրել է մեր վիրավորներին, չի թողել բանը հասնի նրան, որ մեր մարդկանց սպանենՄեր ծանոթությունն ու շփումը, միանշանակ, օգուտ է բերել եւ ինձ, եւ իրեն: Հարյուրավոր հարցեր ենք լուծել այդ օրերին: Չեմ ուզում ասել «պատանդներ», բայց այն մարդկանց, ովքեր այս կամ այն պատճառով անցած էին լինում հակառակորդի տարածք, առանց խնդրի կարողանում էի հետ բերել»: