суббота, 21 ноября 2015 г.

Արցախի տնտեսության զարգացման գաղտնիքները- 2: Հինգ տարի անց

Բարեփոխումները ֆանտաստիկ են

Վիկտոր Ֆեշենկո
Секрет”-ի հատուկ թղթակից 

Կան երկրներ, որտեղ երկրի առաջին դեմքերը նույնիսկ ոտքով չեն ման գալիս:
Չճանաչված այդպիսի մի երկրում՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում, նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը էշով են գործի գնում: Ո՞րն է նպատակը:
«Մի քանի տարի առաջ մեքենաների մեծ քանակության պատճառով բնապահպանական խնդիր ծառացավ:
Լաբորատորիաները ցույց տվեցին, որ հանրապետությունում օդի աղտոտումը անցնում է սահմանված նորմերը: Իսկ մեր կողմից էշի նախընտրությունը որպես տրանսպորտ ծառայում է օրինակ մեր քաղաքացիներին»,- ասում է վարչապետը: 
Մոտս հարց առաջացավ՝ ինչու՞ հենց էշ, այլ ոչ թե, ասենք, հեծանիվ: «Էշը ավանդական տրասնպորտ է, ազգային կոլորիտ ենք հաղորդում»: Մեզանից քիչ հեռու սեւ էշով մեզ է հսկում մեկ թիկնապահ: Վարչապետի էշը առանց լուսաթարթի է: Կարող էր նաեւ թիկնապահ չլինել, բայց օրենքն է պահանջում:

среда, 23 сентября 2015 г.

Ճերմակ հեղափոխություն

Ստեփանակերտում ՏԻՄ ընտրություններ պիտի լինեին
2075 թվականն էր: Ստեփանակերտում ՏԻՄ ընտրություններ պիտի լինեին: Քաղաքապետի թեկնածուները երեքն էին՝ երկու նախկին ազատհայրենիքցիներ Աբրահամ Աբրահամյանը ու Կարեն Կարենյանը և երիտասարդ անկուսակցական Խորեն Խորենյանը: Երկուսը տարատեսակ ծրագրեր էին ներկայացնում, երրորդը ոչինչ չէր անում, նստում էր մի պուրակում և իրիկունները  մի քանի բուկլետ բաժանում՝ տեղեկացնելով, որ շուտով ընտրություններ են: Դրանից հետո գնում էր տուն, ՖԲ մտնում ու Իգոր Մուրադյանի հոդվածները կարդում  (ազատ ժամանակ նաև Նիկոլո Մաքիավելու «Տիրակալն» էր կարդում, օրը մեկ էջ):

Հա, ասեցի, որ Խորենյանը  անկուսակցական էր, բայց չասեցի, որ  նախկին ազատհայրենիքցիներ Աբրահամյանը ՊՈԽԺԵԿ, իսկ Կարենյանը՝  ՀԱՃԺԵԿ կուսակցությունից էր:   (Միայն աստված գիտեր, թե ոնց էին վերծանում: «Վերծանումը ձեզ ենք թողնում»,- ասում էին կուսակցապետերը՝ ի պատասխան լրագրողների):

ՏԻՄ թեկնածուների պաստառներից քաղաքը պսպղում էր:  Գալուսծիկների միամսյակ էր (տղերքը գալուսծիկները չէին հանում ու հենց այդպես  տեղաշոր էին մտնում): Բուկլետների ու պաստառների նրանց անանիստ դեմքերը կամացուկ հուշում էին. «Ես հեռու՜ն կգնամ, հեռու՜ն...»

Մեր երկրի ճակատագիրը (2015)


Koryun Aslamiziryan

Միջօրե էր: Արեւը կիզում էր, ողողում, ներս սողոսկում պատուհանների միջով ու լցնում դատարկությունը: Հանկարծ երկաթե դուռը ճռռաց ու տեսարան բացվեց դեպի… Թու՜… այս ինչե՞ր եմ գրում: Ստեփանակերտում մայիսի երեքին նախատեսված են ազգային ժողովի ընտրություններ: Իմ զրուցակիցը պիտի դառնա երիտասարդ թեկնածու Կորյուն Ասլամիզյանը: 

14.35-ին շարժվեցի դեպի նորակառույց շենքերից մեկը: Այնտեղ ծվարած սենյակներից մեկը պարոն Ասլամիզյանի նախընտրական շտաբն էր: 15.00-ին համարձակորեն դխդխկացրի դուռը: Դեպուտատը, ապագա, ինձ էր սպասում:

-Բարեւ ձեզ, պարոն Ասլամիզյան:

-Ըբարեւ ձեզ,- ձեռքերը հենեց սեղանին ու բարձրացավ. դանդաղ ու դանդաղ, շատ դանդաղ, իսկական slow motion էֆեկտով: (Slow motion-ով ձեռքս սեղմեց ու slow motion-ով էլ թոթվեց):

среда, 8 июля 2015 г.

Հավերժի կուսակցությունը

Ժամը 15.00-ին պայմանավորվել էի հարցազրույց անել երիտասարդ դաշնակցական Հովհաննես Գաբրիելյանի հետ:
Հովհաննես Գաբրիելյանը մեծ ու խելացի գլուխ ուներ, որը ճմրթվում էր  ակնոցների աղեղնակներից:
-Բարեւ Ձեզ, պարոն Գաբրիելյան, - ձեռքս մեկնեցի: Ձեռքս ցավեցրեց  (քիչ էր մնում տնքայի) ու «մա՛հ թուրքերին»  պոռաց:

вторник, 17 марта 2015 г.

Դոշ տվողը

Գոշան շատ ամուր ձգեց փողկապը ու շփեց այտը: Լավ եմ թրաշվել:
Այսօր երիտասարդ պատգամավորների նիստն է: Հարկավոր էր կարգին պատրաստվել:

Նիստին ներկա էր իսկական ազգային ժողովի նախագահը՝  Անդրանիկ Պետիկյանը: Պետիկյանի տրամադրությունը բարձր էր, ասում էր «դուք մեր ապագան եք, ջահելները, վու՜խխ...»:  Պարոն Պետիկյանը բարձրացավ ամբիոն:

-Ողջունում եմ նորաստեղծ Երիտասարդական խորհրդարանի անդամներին: Կարևորում եմ երիտասարդության իրական ներուժի ու նախաձեռնողական հնարավորությունների իրացման համար երկխոսության ապահովումը: Երիտասարդական խորհրդարանը կարող է երիտասարդների համար դառնալ ինքնադրսևորման, սեփական հնարավորություններն իրացնելու ասպարեզ:  Չի բացառվում, որ ձեզանից շատերին ամենամոտ ապագայում տեսնենք մեծ քաղաքականության ամենաառաջին շարքերում, պետական ամենաբարձր օղակներում: Մեր հանրապետության նախագահի կողմից Երիտասարդական խորհրդարանի անդամներին շնորհավորական ուղերձ եմ հղում ու մաղթում  արդյունավետ գործունեություն:

вторник, 27 января 2015 г.

Ֆանտոմ

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի

Հոսպիտալի ամայի բակում դիտելու բան չկար, բայց ներքին հողմաշենցի Եղիշը շարունակում էր պատուհանին կպած` մահճակալից ուսումնասիրել դուրսը: Երրորդ շաբաթում ընկերների գալ-գնալը սպառվել էր և ահա մենակ էր մնացել ինքն իր հետ: Խորհելու առանձնակի բան էլ չկար. ամեն ինչ որոշված էր, ամեն ինչ ավարտված էր: Թվում էր Եղիշին: