суббота, 21 ноября 2015 г.

Արցախի տնտեսության զարգացման գաղտնիքները- 2: Հինգ տարի անց

Բարեփոխումները ֆանտաստիկ են

Վիկտոր Ֆեշենկո
Секрет”-ի հատուկ թղթակից 

Կան երկրներ, որտեղ երկրի առաջին դեմքերը նույնիսկ ոտքով չեն ման գալիս:
Չճանաչված այդպիսի մի երկրում՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում, նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը էշով են գործի գնում: Ո՞րն է նպատակը:
«Մի քանի տարի առաջ մեքենաների մեծ քանակության պատճառով բնապահպանական խնդիր ծառացավ:
Լաբորատորիաները ցույց տվեցին, որ հանրապետությունում օդի աղտոտումը անցնում է սահմանված նորմերը: Իսկ մեր կողմից էշի նախընտրությունը որպես տրանսպորտ ծառայում է օրինակ մեր քաղաքացիներին»,- ասում է վարչապետը: 
Մոտս հարց առաջացավ՝ ինչու՞ հենց էշ, այլ ոչ թե, ասենք, հեծանիվ: «Էշը ավանդական տրասնպորտ է, ազգային կոլորիտ ենք հաղորդում»: Մեզանից քիչ հեռու սեւ էշով մեզ է հսկում մեկ թիկնապահ: Վարչապետի էշը առանց լուսաթարթի է: Կարող էր նաեւ թիկնապահ չլինել, բայց օրենքն է պահանջում:
Հանրապետության երեք դեմքերն էլ էշի կողմից շրջակա միջավայրի աղտոտման հարկ են մուծում: Նրանք նաեւ աշխատավարձերն են ուղղում էշագնացության ոլորտի զարգացմանը: 
Երիտասարդ հանրապետությունում խնդիրներից մեկը իշակածուկի ու իշախոտի ներմուծման մենաշնորհն է, ճիշտ կլինի այն օլիգոպոլիա անվանել: «Այս հարցն էլ կլուծվի»,- խոսք են տալիս պատկան մարմինները:
Քանի որ օրը կիրակի է, ու ժամանակը սուղ, չսպասեցի աշխատանքային օրվան եւ ուղեւորվեցի Տրանսպորտի նախարարի տունը: Նրա տունը գտնվում է սովորական «լենինգրադյան» շենքում։ Այդ պահին նա բակում խորոված էր անում: Արդեն սեղանի շուրջ բացատրեց, որ վերջին մի տարում շատացել է էշէրի քանակը, այսինքն էշերի ու մեքենաների քանակը հավասարվել է:
Վթարներից խուսափելու համար (մեքենաներն ու էշերը իրար խանգարում են եւ վթարային պայմաններ են ստեղծում) որոշվել է էշավարներին թույլ տալ երթեւեկել միմիայն վարորդական իրավունքների առկայության դեպքում: Այժմ ամիսը մեկ քննություններ են անցկացվում ու էշավարի իրավունք տալիս:
Նախարարը բացատրեց, որ մեծ բարեփոխումները պարտադրեցին համագործակցել ավտոտեսուչների հետ (հատուկ դասընթացներ կազմակերպվեցին, նրանցից յուրաքանչյուրը գիտի էշի երթեւեկության կանոնները):
Հաջորդ կանգառը Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի էշանոցն է: Էշանոցը կառուցվել է նորերս, շնորհիվ էշերի մեծ պահանջարկի: Այստեղ կարելի է հանդիպել դիմացկուն էշերից մինչեւ ազնվազարմ արագավազ էշերի: Էշանոցի մի բաժինը հատկացված է ավանակների համար:
Ավանակ նախընտրում են մեծահարուստների որդիները՝ տեղի գլամուրային զանգվածը, սակայն նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը իրենց օրինակով կոտրել են այդ կարծատիպը: 
Թաղավարդից հետո տեղափոխվեցի Սոցապնախարարություն, օրն արդեն երկուշաբթի էր: Բարեփոխումները ֆանտաստիկ են: «2018-ից յուրաքանչյուր քաղաքացի օրական ստանում է երկու կիլոգրամ խորովածի կտրոն», - մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ Սոցապնախարարության նպաստի բաժնի վարիչը:
Յուրաքանչյուր քաղաքացու խորովածանոց ընտրելու հնարավորություն է ընձեռվել: Դժգոհության դեպքում քաղաքացին կարող է փոխել խորովածանոցը: Դրա համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, քարտ կարդացող սարք եւ ակտիվացված էլեկտրոնային ստորագրություն:
Գործը կարելի է գլուխ բերել նաեւ հաշվի օպերատորների միջոցով, ներկայացնելով` անձնագիր եւ հանրային ծառայության համարանիշ կամ դրա բացակայության մասին տեղեկանք կամ միայն նույնականացման քարտ: 
Իսկ ինչու՞ միմիայն խորոված, չէ՞ որ վնասկար է այդքան պրոտեին օգտագործելը: Սոցապի Նպաստի բաժնի վարիչը հոգոց է հանում. «Ի՞նչ անենք, ժողովուրդը սիրում է»: Նպաստի վարիչը չթաքցրեց, որ ինքն էլ օրական երկու կիլոգրամ խորոված է ընդունում:
Զբոսաշրջիկներից կողմից Ստեփանակերտին տրվել է «Ծխակերտ» անվանումը: Իրոք, քաղաքի ծուխը միմիայն ուշ գիշերներին է թափանցիկ դառնում: Մնացած ժամանակ քաղաքը պատված է լինում թանձր ծխով: Պատճառներից մեկն էլ սա է, որ պետությունը որոշել է մեքենաները փոխարինել էշերով։
Թանձր շերտի պատճառով վթարներ շատ են լինում: Մեքենաներին անզոր է օգնել նույնիսկ հզոր հակամշուշային լապտերը: Ուր նայում ես՝ խորովածանոց է, խորովածանոցները գերազանցում են կրպակները ու խանութները միասին վերցրած: 
Որոշակի նորմերի պահպանման նպատակով ստեղծվել է նաև Խորովածի անվտանգության պետական ծառայություն: Ծառայությունը բրոշյուրներ է տպագրել ու բաժանել բնակչությանը: Գրքում նշված է, որ, օրինակ, ածուխի վրա պատրաստած խորոված պիտի ավելի էժան վաճառվի:
Կա նաեւ Խորովածի պատրաստման կանոնագիրք: Օրինակ, Բաստուրմայի Սուրբ Երրորդություն կանոնը վերաբերում է միմիայն խոզի մսին. եթե որոշել եք խոզը բաստուրմա դնել, ապա աղից, սեւ պղպեղից ու սոխից բացի իրավունք չունենք ուրիշ համեմունք ավելացնել:
Սակայն թույլատրվում է այլ միսը (տավարի, այծի, ոչխարի, բայց ոչ գառի) ավելի ուժեղ միջոցներով քայքայել՝ քացախ, «Ջերմուկ», լիմոն եւ այլն: 
Ճիշտ է, կան խմբեր, որոնք դեմ են Սուրբ Երրորդությանը, նրանց մեծ մասը պետության սահմաններից դուրս ուսում առած երիտասարդությունն է: Լրատվամիջոցները նրանց «հինգերորդ շարասյուն» են անվանում: Միջազգային կառույցներն էլ են խառնվել էս գործին, ասում են՝ չի կարելի խախտել յուրաքանչյուր քաղաքացու խորովածային իրավունքը:
Փորձեցի զրուցել սովորական քաղաքացիների հետ: Հարցիս պատասխանում է Հրանտիկ պապիկը. «Ես Սուրբ Երրորդության հետեւորդն եմ:
Բացատրեմ. խոզի միսը նուրբ է, հատկապես մերը, չի կարելի այն քայքայել տարբեր զիզիբիզի բաներով, դա սրբապղծություն է, դա անհարգալից վերաբերմունք է խոզի նկատմամբ: Չէ՞ որ դրանով օտարածին համ եք տալիս խոզին, այդ խորովածը դեն նետելու բան է, չի ուտվի: Պետք չէ հանրապետություն ներմուծել օտարածին ադաթներ, մենք ունենք մերը»: Իրոք. փորձեցի Սուրբ երրորդության խորովածը, այն ֆանտաստիկ է…. 
Շարունակելի…

Фотография на обложке: Мери Агаханян / «Секрет Фирмы»

Комментариев нет:

Отправить комментарий