среда, 23 сентября 2015 г.

Ճերմակ հեղափոխություն

Ստեփանակերտում ՏԻՄ ընտրություններ պիտի լինեին
2075 թվականն էր: Ստեփանակերտում ՏԻՄ ընտրություններ պիտի լինեին: Քաղաքապետի թեկնածուները երեքն էին՝ երկու նախկին ազատհայրենիքցիներ Աբրահամ Աբրահամյանը ու Կարեն Կարենյանը և երիտասարդ անկուսակցական Խորեն Խորենյանը: Երկուսը տարատեսակ ծրագրեր էին ներկայացնում, երրորդը ոչինչ չէր անում, նստում էր մի պուրակում և իրիկունները  մի քանի բուկլետ բաժանում՝ տեղեկացնելով, որ շուտով ընտրություններ են: Դրանից հետո գնում էր տուն, ՖԲ մտնում ու Իգոր Մուրադյանի հոդվածները կարդում  (ազատ ժամանակ նաև Նիկոլո Մաքիավելու «Տիրակալն» էր կարդում, օրը մեկ էջ):

Հա, ասեցի, որ Խորենյանը  անկուսակցական էր, բայց չասեցի, որ  նախկին ազատհայրենիքցիներ Աբրահամյանը ՊՈԽԺԵԿ, իսկ Կարենյանը՝  ՀԱՃԺԵԿ կուսակցությունից էր:   (Միայն աստված գիտեր, թե ոնց էին վերծանում: «Վերծանումը ձեզ ենք թողնում»,- ասում էին կուսակցապետերը՝ ի պատասխան լրագրողների):

ՏԻՄ թեկնածուների պաստառներից քաղաքը պսպղում էր:  Գալուսծիկների միամսյակ էր (տղերքը գալուսծիկները չէին հանում ու հենց այդպես  տեղաշոր էին մտնում): Բուկլետների ու պաստառների նրանց անանիստ դեմքերը կամացուկ հուշում էին. «Ես հեռու՜ն կգնամ, հեռու՜ն...»


Անանիզմը, որպես երևույթ, նրանց կյանք ներխուժել  է տարբեր կառույցներին ինտեգրվելուն համընթաց: Ու տարիներ շարունակ ինտեգրվում են ու հա ինտեգրվում: Վայ թե մինչև կյանքների վերջները ինտեգրվեն… ու այդպես էլ կմեռնեն…  ինտեգրված…

Տխու՞ր, գա՞ղջ ու արտագա՞ղջ է: Ոչ, կյանքում հրաշքներ լինում են: Սենսացիա: Այն կոչվում է սենսացիա: Այս ընտրությունները գրանցվեցին որպես սենսացիա… Այդպիսի բան մեկ էլ 70 տարի առաջ էր, երբ քաղաքապետի թեկնածու Աղաբեկյանը լացացրեց իշխանություններին... Ճիշտ է, քիչ անց ժողովուրդը խոսք տվեց, որ երբևիցե չի քվեարկելու ընդդիմադիր քաղաքապետացուի... Բայց դե նոր սերունդ մեծացավ ու բանի տեղ չդրեց պապերի խոստումը: (Հա, բայց Աղաբեկյանը ետնապահ ու միայնակ չէր՝ ի տարբերություն Խորենյանի... Խորենյանը  ջախջախեց հղփացած Աբրահամյանին ու Կարենյանին... Շատ ուշ էին ջոգել  Խորենյանի հաղթաթուղթը...):

Համացանցում Խորենյանի աչքի տակ էր ընկել Մուրադյանի «Ազգային զուգարան»  եռահատոր աշխատությունը: Խորենյանը կլանվել ու մի շաբաթում, նշումներ անելով՝ կարդացել է գիքրը և ստեղծել ընդամենը մեկ գաղափար՝ մի փոքրիկ ելույթով (հետաքրքիր է, որ ելույթը մեկ անգամ ու մեկ վայրում է կարդացել: Մնացածը ժողովուրդն է ինքակամ տարածել):

- Հասարակական զուգարանները  ազգի դեմքն են:  Ճշմարտւությանը  հասնելու միակ վայրը:

 Տարիներ շարունակ իշխանությունները հազար փակի տակ են պահել պարոն Մուրադյանի ուսմունքը՝ զուգարանաշինությունը: Տարիներ շարունակ այս իշխանիկները հրեշացրել են զուգարանի գաղափարն ու սկզբունքը: ԱԱԾ չպիտի լինի այդ այդ կառույցի անունը, այլ ԱԱԶ, այսինքն՝ Արգելում ազգային զուգարանների:  Մեր նպատակը զուգարաններն են, ճեպ-ճերմակ զուգարանները…

Ի՛մ հավատարիմ ժողովուրդ, իմ հարազա՛տ ժողովուրդ, եկե՛լ է, այո, եկե՛լ է ժամանակը, ժամանակը զուգարանաշինության: Սկսենք միասին, քաղաքի տարբեր մասերից… Ու, ազգովի, հի՛մք դնենք համազգային զուգարանիշության, պետական զուգարանաշինության…

Այս մի քանի  նախադասությամբ բմբուլները քամուն տվեց Խորենյանը... 80-ից էլ ավել խփեց…

Հ.Գ. Սրա մասին գրեցին աշխարհի բոլոր առաջատար լրատվամիջոցները: Այն կնքվեց տարբեր անուններով՝  «Զուգարանային շարժում», «Զուգարանային հասարակություն»  «Զուգարանային հեղափոխություն»,  զուգարանակոնքի գույնը նկատի առնելով՝ «Ճերմակ հեղափոխություն»…

Ստեփանակերտ

10.09.2015




Комментариев нет:

Отправить комментарий