среда, 23 сентября 2015 г.

Մեր երկրի ճակատագիրը (2015)


Koryun Aslamiziryan

Միջօրե էր: Արեւը կիզում էր, ողողում, ներս սողոսկում պատուհանների միջով ու լցնում դատարկությունը: Հանկարծ երկաթե դուռը ճռռաց ու տեսարան բացվեց դեպի… Թու՜… այս ինչե՞ր եմ գրում: Ստեփանակերտում մայիսի երեքին նախատեսված են ազգային ժողովի ընտրություններ: Իմ զրուցակիցը պիտի դառնա երիտասարդ թեկնածու Կորյուն Ասլամիզյանը: 

14.35-ին շարժվեցի դեպի նորակառույց շենքերից մեկը: Այնտեղ ծվարած սենյակներից մեկը պարոն Ասլամիզյանի նախընտրական շտաբն էր: 15.00-ին համարձակորեն դխդխկացրի դուռը: Դեպուտատը, ապագա, ինձ էր սպասում:

-Բարեւ ձեզ, պարոն Ասլամիզյան:

-Ըբարեւ ձեզ,- ձեռքերը հենեց սեղանին ու բարձրացավ. դանդաղ ու դանդաղ, շատ դանդաղ, իսկական slow motion էֆեկտով: (Slow motion-ով ձեռքս սեղմեց ու slow motion-ով էլ թոթվեց):

Վերջապես նստեցի, իսկ պարոն Ասլամիզյանը սուզվեց փափուկ բազկաթոռի մեջ:

Մաքրեցի կոկորդս, հանեցի բլոկնոտ-մատիտս…

-Սսուրճ կամ էլ թեյ…

-Ոչ, ոչ, շնորհակալ եմ պարոն Ասլամիզյան, սկսենք: Ափը կպցրեց ու կտրուկ հանեց ճակատից: -Սկսենք:

-Պարոն Ասլամիզյան, ո՞րն է ձեր կարգախոսը:

- «Ապավինիր ու թելադրիր», ինչպես նաեւ` «Հույս, հավատ, սե´ր», -ասաց խորհրդավոր, նման Կառլեոնեի խորաթափանց կերպարի:

-Իսկ… պարոն Ասլամիզյան, ի՞նչ նպատակով եք խորհրդարան գնում:

-Գնում եմ բարեփոխումների նպատակով,- (Բան փոխվեց նրա մեջ. slow motion-ը անհետացավ, դուրս թռավ պատանից ու… զրխկաց գետնին):

-Բայց ի՞նչ կարիք կա փոփոխությունների:

-Համաձայն եմ, որ իշխանությունները տիտանական աշխատանք են կատարել վերջին տարիներին,- նույն դոն Կառլեոնեի պես մի քանի անգամ գլխով տնտնգացրեց:

- Այդ դեպքում ի՞նչ կարիք կա փոփոխությունների:

-Ըմմ… կարիք կա, անպայման, փոփոխություններն անհրաժեշտ են, - հերիք չէ պատանից դուրս թռավ, մի հատ էլ, կարծես, մերկացավ պարոն երիտասարդ Ասլամիզյանը:

-Կոնկրետ ինչը՞ պիտի փոխվի:

-Շատ բան, պայծառ ապագա պիտի շարժվենք,- (ամաչեց` առաջին անգամ բաղնիք գնացող նորակոչիկի պես):
-Բայց ի՞նչ կարիք կա փոխելու, եթե մինչ այդ էլ նորմալ էր:

-Դեպի լավը պիտի շարժվենք, հասկանու՞մ եք,- նվաղեց ձայնը ապագա դեպուտատի:

-Դուք քննադատու՞մ եք ստեղծված իրավիճակը:

-Ոչ,- թուք կուլ տվեց Ասլամիզյանը, -ոչ, ինչ եք ասում, չեմ քննադատում, ինչպես կարելի է քննադատել:

-Բա ի՞նչն եք ուզում փոփոխել:

-Շատ ու շատ բան կա փոխելու:- Ջղայնացավ ու բազկաթոռում շուռումուռ եկավ:

-Օրինակ, ինչը՞,- ես էլ իմ հերթին ջղայնացա:

-Շատ բան:

-Իսկ ավելի՞ կոնկրետ:

-Կոնկրետ երկրի ներկա իրավիճակը, որ մարդկանց համար լավ լինի:

-Իսկ մինչ այսօր լավ չէ՞ր:

-Մինչ այսօր էր լավ էր:

-Դե եթե մի բան լավ էր, ի՞նչ կարիք կա փոփոխելու:

-Կարիք կա, ես… դժգոհ եմ,- համարձակվեց ասել Ասլամիզյանը:

-Քննադատու՞մ եք:

-Ոչ, իհարկե:

-Իսկ ինչի՞ց եք դժգոհ:

-Ներկա իրավիճակից:

-Բա ասում եք` ներկա իրավիճակը լավն է:

-Այո լավն է, դա մեր իշխանություններից մեծածավալ աշխատանքի շնորհիվ է:
-Բա թողեք շարունակեն մեծածավալ աշխատանքը:

-Ես ուզում եմ միանալ ու ինքս մասնակից դառնալ…

-Լավ, իսկ ի՞նչ կասեք խոսքի ազատության մասին:

-Գիտեք ինչ, ես կասեմ, որ այդ խոսքի ազատությունը քայքայում է ու ոտնահարում առաքինության սահմանները: Մեր երկրում խոսքի ազատություն ավելի շատ կա, քա նույն այդ ԱՄՆ-ում:

-Իսկ ի՞նչ կարող եք ասել ընդդիմության մասին:

-Գիտեք ինչ,- զվարթացավ Ասլամիզյանն ու դեմքին մանկական ժպիտ ծնվեց,- մեր երկրին ընդդիմություն պետք չէ:

-Ինչու՞:

-Դե,- (իր ծիծաղով ինձ էլ ժպտացրեց),- ի՞նչ ենք անում ընդդիմությունը:

-Դուք ասում եք ընդդիմություն պետք չի, իսկ բնակչության մի հատված գտնում է, որ պետք է:

-Գիտեք ինչ, այդ ընդդիմությունն այնքան տներ է քանդել, որ ասելու բան չէ: Հայրը, մայրն ու եղբայրն ասում են` տղա ջան, տանը նստիր, ի՞նչ գործ ունես այդ ընդդիմության հետ, բա նա էլ` գործ ունեմ: Ու այդպես տղան հեռանում է տնից: Ու այդպես ընդդիմությունը տնաքանդ գործեր է անում:

-Է՞լ ինչ կասեք ընդդիմության մասին:

-Կասեմ, որ այդ ընդդիմություն կոչեցյալների կոստյումները երկու ռազմերով մեծ են:

-Այնուամենայնիվ, նրանք էլ են գտնում, որ փոփոխություններ են անհրաժեշտ, նման են ձեզ:

-Օ՜, այդ ինչ եք ասում,- արդեն հանդարտություն էր ծորում Ասլամիզյանի դեմքից,- նրանք խորհրդարան են ուզում մտնել զուտ փողի համար:

-Իսկ դու՞ք:

-Ոչ, գումարը ինձ համար երկրորդական է:

-Իսկ ո՞րն է առաջնայինը:

-Առաջնայինը մեր երկրի ճակատագիրն է, մեր չքնաղ ու գողտրիկ երկրի ճակատագիրը:

ապրիլ 2015թ. 
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

* ԼՂՀ ԱԺ-2015 նախընտրական արշավը  մոտավորապես այսպիսի պատկեր ուներ

Комментариев нет:

Отправить комментарий