среда, 8 июля 2015 г.

Հավերժի կուսակցությունը

Ժամը 15.00-ին պայմանավորվել էի հարցազրույց անել երիտասարդ դաշնակցական Հովհաննես Գաբրիելյանի հետ:
Հովհաննես Գաբրիելյանը մեծ ու խելացի գլուխ ուներ, որը ճմրթվում էր  ակնոցների աղեղնակներից:
-Բարեւ Ձեզ, պարոն Գաբրիելյան, - ձեռքս մեկնեցի: Ձեռքս ցավեցրեց  (քիչ էր մնում տնքայի) ու «մա՛հ թուրքերին»  պոռաց:
ՀՅԴ շենքում մարդ շատ կար: Սենյակներից մեկում ինչ-որ արարողություն էր. երիտասարդների ձայներ էին.  նրանք մահ էին ցանկանում թուրքերին, վրացիներին, ազերիներին, ռուսներին, գերմանացիներին, տականքներին, անգլիացիներին, ամերիկացիներին, ֆրանսիացիներին, դավաճաններին, պարսիկներին, արաբներին...
Ընկեր Հովհաննեսի գրասենյակը սովորական դաշնակցական էր. ետին պլանի ալ կարմիրը, քարտեզը, ՀՀ ու ԼՂՀ դրոշները:
-Սկսենք, պարոն Գաբրիելյան,-  փորձեցի լրջություն հաղորդել զրույցին:
-Լսում եմ:
-Ինչու՞  ՀՅԴ բյուրոյի անդամ  Մանո Աղաբաբյանը վերջին հայտարարությամբ պաշտպանեց իշխանական տեսակետը:
-Ըհը-ընհը,- մաքրեց կոկորդը,  հայացքը այնպես կտրուկ տնկեց առաստաղին, որ խոպոպը վեր ցատկեց: - Հասկանու՞մ եք, Դաշնակցությունը համայն հայության  դեսպանատունն է, ոչ թե անձի կուսակացություն,- ու չեչենի  պես վեր տնկեց ցուցամատը:
-Հասկանում եմ, բայց նրա հայտարարությունն անմիջապես ազդում է ձեր կուսակցության վարկանիշի վրա:
-Ոչ… ոչ: Դաշնակցությունն աշխարհի միակ կուսակցությունն է, որ հիմնված է գաղափարախոսության վրա: Նման բան չի կարող լինել:
-Այնուամենայնիվ, Մանո Աղաբաբյանի ասածներին ինչպե՞ս եք վերաբերվում:
- Եթե հայությունը մի քաղաքական ուժ ունի, ապա դա Դաշնակցությունն է:
-Դա արդեն հասկացա, իսկ Մանո Աղաբաբյանի հայատարարությունը ինչ-որ կերպ չի՞ ազդելու միակ քաղաքական ուժի վրա:
-Որեւէ անձ չկա, որ հաղթել է, եթե կա հաղթող, ապա դա Դաշնակցությունն է:
-Բայց ախր ինչու՞ եք հայտարարված նպատակներից անընդհատ հրաժարվում:
-Չենք հրաժարվում, պարզապես մեկ-մեկ մարտավարական նպատակներով «առաջ» ենք պոռում ու հետ-հետ երթում: Ու որեւէ խոտելի բան չկա դրա մեջ:
«Ու՞ֆ.... աման»,- մտածեցի ես ու....
-Ախ, ինչ ասեմ շուն ասքյարին,
Որ ըսպանեց ջոջ Ափոյին,
Մըր հույս թողեց օրորոցին,
Զարթնիր, լաո, մըռնիմ քեզի,
Լա-լալայ, լա-լալայ, լա-լալայ...  լսվեց երիտասարդների սենյակից...
Հավաքեցի ինքզինքս ու հարցրի.
-Հասկանու՞մ եք, որ Մանո Աղաբաբյանի պատճառով հնարավոր է ոչ մի քվե չստանաք ընտրություններին:
-Դաշնակցության մասին չպետք է դատել այնպես, ինչպես դատում են այսօր Հայաստանում գործող ցանկացած կուսակցության մասին:
-Հետաքրքիր է՝  ինչու՞:
-Դա հնարավոր չէ, որովհետեւ Դաշնակցությունը հետեւողական կուսակցություն է:
-Այդ դեպքում ձեր առաջնորդներին ինչու՞ չեք հետեւում:
- Դաշնակցությունն անելիք ուներ երեկ, դաշնակցությունն անելիք ունի այսօր: Կունենա նաեւ վաղը:
-Ի՞նչ անելիք:
-Դաշնակցության անելիքները հստակ են: ՀՅ Դաշնակցությունն իր ընկերվարական եւ ազգային ծրագրային արժեհամակարգով լուրջ առաքելություն ունի թե՛  ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական ասպարեզում:
Դադար տվի… որովհետեւ բացվեց երիտասարդական սենյակի դուռը.
-Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն,
Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն
Լա-լալայ… լա-լալայ…
-Ներքաղաքական կյանքում ի՞նչ անելիքներ ունի,- կրկին ինքզինքս հավաքելու հուսահատ փորձ արեցի:
-Դաշնակցության անելիքները մնացին նույնը՝ կերտել հզոր եւ ամբողջական հայրենիք: Այդ նպատակի համար անիմաստ եւ զուր չէին վերջին տասնամյակում տարված աշխատանքները,- պատասխանեց առանց ջղաձգումների:
-Իսկ  հայրենիքի կերտման ո՞ր փուլում եք,- այս անգամ ավտոպիլոտի վրա հարցրի:
-Ինչպես կասեր մեր ընկեր Ոստանիկ Բեվեջյանը՝  ամբողջական Հայաստանի կերտման Դաշնակցութեան ընդհանուր առաջադրանքի փուլ առ փուլ իրագործման շրջածիրին մէջ է:
-Ի՞նչ ասել է ամբողջական…
-Ամբողջական ազատագրությունը, անկախությունն ու գերիշխանությունը եւ նրանց համերաշխ համակեցությունն ու իրավահավասար  գործակցությունը:
-«Ություններ»-ի շքերթ,- խոսեցի քթիս տակ...
-Ի՞նչ...- չհասկացավ ընկեր Հովհաննես Գաբրիելյանը:
-Լավ, - հոգոց հանեցի… վատ երազում էի, - պարոն Գաբրիելյան, ինչ-որ բարեփոխումներ սպասվու՞մ են կուսակցությունում:
- 125 տարի չենք փոխվել ու չենք էլ փոխվելու, - ու երիտասարդ կուսակցականն երկու անգամ  շրխկացրեց սեղանին, ինչն ինձ բնավ էլ չհանեց մղձավանջից, -թող չուզողները շարունակեն անդադրում ոռնալ:
Մատներով թխթխկացնում էի նոթատետրիս ու մերթընդմերթ, աչքի տակով նայում Հովհաննես Գաբրիելյանին: Նրա թշերը կարմրել էին ու երանգներով շատ մոտ էին գլխավերեւում կախված բահով, դաշույնով ու փետրավոր դրոշին: Ուզում էի առանց ցտեսություն ասելու հեռանալ ու փախչել:  Երբ տեղիցս վեր կացա, ընկեր Հովհաննեսն, այս անգամ հանգիստ ու կշռադատված, ավելացրեց.
-Մարդը…  նախ եւ առաջ հայ է, իսկ ազգին երդվյալ հայը՝ դաշնակցական… (Չնկատեցի, թե ինչպես էր ոտքի ելել… Ետ նստեցի ու հայացքս սեւեռեցի նրան):
-Այս տողերը գրի առե՞լ եք… Բարի: Ուրեմն հարցազրույցում  «հայ»  եւ «դաշնակցական» բառերը անպայմանորեն մեծատառով կգրեք:
Երբ հարցազրույցը  տեղադրվեց կայքում, տակը նման մեկնաբանություններ հայտնվեցին:
-Քանի՞ կոպեկով ես որոշել վայրահաչել Դաշնակցության վրա, այ գրչակ…
-Բոլոր նրանք, ովքեր փորձում են փնովել Դաշնակցությունը, ասեմ, թող լավ իմանան. 1918 թվականին մենք միանգամից չորս պատերազմ էինք  մղում.  ռուսների, թուրքերի, վրացիների եւ ադրբեջանցիների դեմ:
- Գրելուց առաջ գոնե ուսումնասիրե՞լ ես, կարդացե՞լ ես Դաշնակցության մասին…
-Ոչինչ, մեզ քննադատել են նաեւ արյունարբու սուլթան Համիդը, գազան երիտթուրքերը եւ այլ տականքներ: Դուք կամովին հայտնվեցիք նրանց շարքում:
-Քեզ նմանները ոչինչ չեն խնայում  Հայ Յեղափոխական Դաշնակցությունը փնովելու եւ նրա կերպարը ծուռ հայելու մեջ ներկայացնելու համար… Մահ կամ ազատություն:
-Չխառնեք Դաշնակցությանը ձեր վայրի արջի ցեղերին… Մի բան էլ ականջներիդ օղ արեք` ձեզ նման լրագրողիկները կգան ու կգնան, իսկ Դաշնակցությունը հարատեւ է…
-Լավ է, որ ունենք սրա պես գրչակներին սանձող ընկեր Հովհաննես,  այլապէս անոնց գործած ավերը անդարման պիտի ըլլար… Մա’հ կամ ազատություն:
-Մոռցէ՛ք, կարելի չէ որեւէ պառակտում մտցնել ՀՅԴ շարքերուն եւ ղեկավարութեան միջեւ, Դաշնակցութիւնը միասնական խումբ է եւ կազմակերպուած կառույց ունի: Մա’հ կամ ազատություն:

Հայկ Ղազարյան

Комментариев нет:

Отправить комментарий