вторник, 22 марта 2016 г.

Չուգուն

 32 ու փայտե պրոտեզ, հետևում՝ ոչինչ, փուչություն պարզապես
Ընկերոջս տեսակցելու էի գնացել, երբ առաջին անգամ հոսպիտալում տեսա Չուգունին: Ծառայակիցների հետ եկել էր հարևան անկողնում պարկած երիտասարդ սակրավորին տեսակցելու:

-Ծնկից ցա՞ծր է,- հարցրեց Չուգունը:
-Հա՛,- ժպտաց սպան
-Ոչինչ, իմը ավելի վատ է, բայց ամեն ինչ անում եմ՝ պատ եմ շարում, ավտո եմ քշում…
-Մեխանիկա՞ է,- ընդհատեց սպան:
-Հա՛, մեխանիկա է:
-Իմը ավտոմատ է,- նորից ժպտաց սպան:
-Հա, այ այդպես, չմտածես շատ,- մեջ ընկան Չուգունի ընկերները:
-Չեմ մտածում, պարզապես…  իմ ականն էր,- գլուխ քաշ գցեց սպան:
-Դե, եղբայր, մեր գործն այ այդպես է, չեն գնահատում… -ասացին այցի եկած սպաները, - Չուգունին՝ Դավիթին, գիտես երևի…
-Լսել եմ, - կրկին ժպտաց երիտասարդ սպան:

Սպաները հեռացան, հաջող անելիս նկատեցի, որ Չուգունի ձեռքից պակասում է երկու մատ:  Մնացինք երեքս՝ ընկերս, ես ու անդամահատ սպան: Ընկերս պատմեց, որ այցելուն հայտնի սակրավոր Չուգունն է, ով հայտնի է իր պնդաճակատությամբ ու կեսնունակությամբ:

воскресенье, 6 марта 2016 г.

Էկզիստենցիալ խմբագրություն

Գրական թերթի խմբագրությունում էի։ Չգիտեմ, թե ոնց եմ այստեղ հայտնվել, առհասարակ: Խմբագիրն ակնոցավոր, պատկառելի կնճիռներով, պատկառելի բեղմորուքով հայտնի, սիրված ու հեղինակավոր մի անձնավորություն էր: Ուզում էր ինչ-որ դիտողություն անել երևի, բայց կարծես պատեհ րոպեի էր սպասում: Խմբագրության աղջիկներից մեկից թեյ խնդրեց, մինչև բուն թեմային անցնելը:

-Արսեն…
-Այո, պարոն Ասլամիզիրյան, լսում եմ ձեզ,- ժպտացի:
-Վաղու՞ց եք գրում:
-Դե… մի երկու տարի կլինի…
-Շատ բարի…

Թեյը ձեռքին վեր կացավ ու քայլեց դեպի պատուհանը:

-Գիտե՞ք, Արսեն ջան… երիտասարդ եք… բայց պիտի սովորեք քննադատություն ընդունելը…

-Լսում եմ,- դեմքիս ժպիտ գծագրեցի: «Ի՞նչ է ուզում, ճպպացրու դեմքիս, մեծ տղա եմ»,- մտածեցի:

-Օրինակ… ինչու՞… Այ, մեր տաղանդավոր աղջիկը տեքստը այսպես է սկսել.  «Անսեռունակ, անկենդան, պողպատյա միատարր ճիչը մեղմիկ տժժոցին ճանապարհորդակցելով՝ քիչ մնաց սպաներ, և  ինձ տարան մորգ: Հետո ընկերներս եկան տուն մերոնց հաղորդելու, որ ինձ շատ են սիրել ու ցավում են ծաղիկ հասակում մեռնելու համար...»:- Ապա թեթև պաուզայից հետո հարցրեց,- նկատու՞մ եք։
-Ինչը՞:
-Այ խնդիրն այստեղ է,- մատը խորհրդավոր վեր տնկեց Ասլամիզիրյանը,- հիմա կփորձեմ բացատրել… Այս տեքստը միանգամից բեռնում է ու տանում…
-Դեպի ու՞ր:
-Դեպի էկզիստենցիալ հոգեթերապիա, Արսեն ջան:
- Դա ի՞նչ է: