вторник, 22 марта 2016 г.

Չուգուն

 32 ու փայտե պրոտեզ, հետևում՝ ոչինչ, փուչություն պարզապես
Ընկերոջս տեսակցելու էի գնացել, երբ առաջին անգամ հոսպիտալում տեսա Չուգունին: Ծառայակիցների հետ եկել էր հարևան անկողնում պարկած երիտասարդ սակրավորին տեսակցելու:

-Ծնկից ցա՞ծր է,- հարցրեց Չուգունը:
-Հա՛,- ժպտաց սպան
-Ոչինչ, իմը ավելի վատ է, բայց ամեն ինչ անում եմ՝ պատ եմ շարում, ավտո եմ քշում…
-Մեխանիկա՞ է,- ընդհատեց սպան:
-Հա՛, մեխանիկա է:
-Իմը ավտոմատ է,- նորից ժպտաց սպան:
-Հա, այ այդպես, չմտածես շատ,- մեջ ընկան Չուգունի ընկերները:
-Չեմ մտածում, պարզապես…  իմ ականն էր,- գլուխ քաշ գցեց սպան:
-Դե, եղբայր, մեր գործն այ այդպես է, չեն գնահատում… -ասացին այցի եկած սպաները, - Չուգունին՝ Դավիթին, գիտես երևի…
-Լսել եմ, - կրկին ժպտաց երիտասարդ սպան:

Սպաները հեռացան, հաջող անելիս նկատեցի, որ Չուգունի ձեռքից պակասում է երկու մատ:  Մնացինք երեքս՝ ընկերս, ես ու անդամահատ սպան: Ընկերս պատմեց, որ այցելուն հայտնի սակրավոր Չուգունն է, ով հայտնի է իր պնդաճակատությամբ ու կեսնունակությամբ:

-Աշխատանքը միշտ Չուգունի ուսերին են դնում, ասելով՝ Դավիթ ջան, միևնույն է՝ քեզ բան չի լինելու:

*****

Մի տարի անց մի կերպ տեղը բերելով, ճանաչեցի Չուգունին, իր ավտոյի մոտ կանգնած ինչ-որ մեկին էր սպասում: Քաղաքացիական հագուստով էր: Դժվար թե հիշեր ինձ: Բարևեցի, բացատրեցի իմ ով լինելը, այդպես էլ չհասկացա՝ ճանաչե՞ց թե՞ չէ: Պատմեց, որ հանձաժողովը իրեն ոչ պիտանի ճանաչեց, չասաց թե ինչու, դե ամոթ էլ էր հետաքրքրվելը: Ենթադրեցի, որ ծառայության ընթացքում ինչ-որ բան է կատարվել:

Չուգունի նիհար ու ջլոտ մարմինը թվացյալ երկարություն էին հաղորդում հասակին, իսկ արևից խանձված դեմքը, զսպվածությունն ու հանդարտությունը կրկին անգամ հուշում էին, որ դիմացդ մարտիկ է կանգնած:  Նրա խոսվածքում խառնվել էր Արցախի և Արարատյան բարբառները, և դժվար էր հասկանալ նրա ծագումը:

Կասկածից վեր էր, որ Չուգունը նորից կյանքի կլծվի ու կապրի նախկինի պես, չէ՞ որ նա իննը կյանք ունի, այդպես էին ասում բոլոր զորամասերի սակրավորները գրեթե լեգենդ դարձած Չուգունի՝ Դավիթ Կարապետի Մարգարյանի մասին:

Թվում էր, թե ամեն ինչ անցյալում էր: Ցավը հաղթահարված էր, սակայն հոգին ունայնություն էր կրծում: Ձանձրույթ ծառայությունից հետո, ինչքան կուզեր նորից հավսար-զգասստ ու ազատ հրամանից հետո զորքին ընդմիջում տար ու ինքն էլ բարձրանար գրասենյակ սուրճ եփելու ու ձեռ առնելու դասակի հրամանատարին՝ Կարկանդակին:

Հիմա անձրևոտ եղանակին Դավիթը սրճարանից  նայում էր ամայացող փողոցին:  Թուղթ ու գրիչ էր վերցրել, չգիտես ինչու, կարծես բանաստեղծություններ գրելու համար, բայց թղթի վրա 32 էր գրում ու ջնջում, 32՝ ու ջնջում:

Այո, ծառայության ընթացքում չեր նկատվում, հիմա ակնհայտորեն զգում էր՝ 32 ու փայտե պրոտեզ, հետևում՝ ոչինչ, փուչություն պարզապես:

Այս ամենի փրկությունը նա էր թվում՝ երիտասարդ աղջնակը:

*****

Չուգունը՝ Դավիթը, ճանապարհին էր: Գնում էր մարդ սպանելու:

Հոր սարքած ատրճանակն էր պեղել-գտել, հիմա այն թաքցված էր ճանապարհային պայուսակում, փաթաթված լաթերի մեջ:

Ո՞րն էր պատճառը: Նա չգիտեր, գիտեր միայն, որ հարկավոր է այդ ամենին վերջ տալ: Թեկուզ դաժան, թեկուզ հիմարաբար... Նույնիսկ Չուգունի փիլիսոփայությունը չեր կարողանում հաղթահարել այդ երազը, նա շատ անգամ է ինքն իրեն ասել, որ մարդիկ իրենց պարունակությամբ գրեթե նույնն են... Հիմա հոր ինքնաշեն նագանը ձեռքին գնում է ոճրագործության: «Ոճրագործություն»,- քմծիծած տվեց: Նրա համար միևնույն էր: Արդեն մի քանի ամիս միևնույն էր ամեն ինչը: Սկսել էր հարբել, առանձնակի գոհունակություն չստանալու պատճառով՝ դադար էր տվել: Պարզապես բաճկոնում էժանագին կոնյակով տափակաշիշ էր պահում ու մեկ-մեկ կում անում:

Պլանը պարզ էր: Կմտնի գրասենյակ, կկանչի ու կգյուլի: «Էսթետիկ չէ ախր», - ժպտաց ցինիկաբար: «Սրտի՞ն, միան ճակատին չկրակեմ, ախր Թալեաթին չեմ...», -այս անգամ նույնիսկ ծիծաղեց.... «Կմոտեցնեմ նագանը փորին... այնուհետև իմ քունքին... ու վերջ»:  «Սատկիր, սնոբ...»:  

Ճանապարհին երբ կանգնեցին հաց ուտելու, բացեց պլանշետը ու կարդաց ընկերոջն ուղարկած նամակը.

«Մի տարի առաջ մեր քաղաք մի աղջիկ էր հյուր եկել: Դուր եկավ ինձ: Ամենայն հավանականությամբ՝ ոչ միայն ինձ: Սիրուն էր, բան չունեմ ասելու:

Ծանոթացա հետը:

...Հաջորդ օրերին գրում էի, բայց չեր պատասխանում:  Այդպես օրեր էին անցնում, իսկ ես նրան տեսնել էի ուզում: Բայց միայն վերջին օրը տեսա, մի 20 րոպե խոսեցի հետը: Իսկ  երբ ճանապարհելիս ավտոկայանում մեքենայի էինք սպասում, մի պահ կինո պատկերացրի, երբ սիրուն աղջնակը տղային պատերազմ է ճամփում տխուր դեմքով (իրականում ես էի նրան ճամփում): Այս կադրերը երբ պետք են լինում, կրկին պտտեցնում եմ: Ջերմացնող է, այո... Խնդում եմ, խնդում եմ այս անհեթեթության վրա... Այս անհեթեթյունը, որ գլուխս է հորինել... Բայց ախր հաճելի է  անհեթեթությունը... Իհարկե, խելքս ուտում է…

…Այսուհետև նա իմ նոր կյանքի հենման կետը կդառնա՝ հիման և հետոն: Նա՛ ինձ է ստիպում շարժվել, թմրությունից դուրս գալ... Նա՛: Նրա պատճառով եմ վերանայում կյանքս, 32 տարեկան եմ, այստեղից այն կողմ փուչություն է միայն երևում, օտարության զգացում: Ապրածս տարիներն հարուստ են իրադարձություններով, բայց դե մի տեսակ տխրեցնող է: ...Մի բան կգրես... տխուր եմ... Կներես...

Գիտեմ, գիտեմ, եղբայրս... Գալու է ժամանակը և այս ամենը... Այս ամենը սրտխառնոց է առաջացնելու:

...Երգացանկս լիրիկական երգերով եմ լցրել, ես՝ Չուգունս՝ դիմացկուն, բայց երբեմն շուտ ջարդվող հալույթս...

Չես հավատա, բայց նույնիսկ մտքումս նրան կպնել չեմ ուզում: Է՜հ... Ոսկորներս քանդվում են, ճզմվում...  Խաբկանք է, եղբայր... »:

***

Արդեն հասել էր քաղաք ու տեղավորվել հյուրանոցում: Բայց անհասկանալի երևութների շղթան շարունակվում էր: Այս ամենը անհետաքրքրանում էր, ուղեղը մերթընդմերթ դադարում աշխատել: Մի տեսակ անտարբերություն, նույնիսկ ցանկալի  կատարվելիք սպանությունը անհամանում էր... Կարծես, աղջիկը անձեռնմխելի աներևույթից մարմնեղի էր վերածվել, նրան էլ ուրիշների պես կարելի էր տենչալ…

***

Առավոտն արդեն ավտոկայանում էր, ճանապարհին դադարի ժամանակ ատրճանակը դեն նետեց ձյան մեջ, «Կապիկ...»,- բթություն դաջվեց դեմքին....
Շարժվելիս, այնուամենայնիվ, բարձրացրեց ատրճանակը, հոր հիշատակն էր…

Հայկ Ղազարյան


Комментариев нет:

Отправить комментарий