Գրական թերթի
խմբագրությունում էի։ Չգիտեմ, թե ոնց եմ այստեղ հայտնվել, առհասարակ: Խմբագիրն ակնոցավոր,
պատկառելի կնճիռներով, պատկառելի բեղմորուքով հայտնի, սիրված ու հեղինակավոր մի անձնավորություն
էր: Ուզում էր ինչ-որ դիտողություն անել երևի, բայց կարծես պատեհ րոպեի էր սպասում:
Խմբագրության աղջիկներից մեկից թեյ խնդրեց, մինչև բուն թեմային անցնելը:
-Արսեն…
-Այո, պարոն Ասլամիզիրյան,
լսում եմ ձեզ,- ժպտացի:
-Վաղու՞ց եք գրում:
-Դե… մի երկու
տարի կլինի…
-Շատ բարի…
Թեյը ձեռքին վեր
կացավ ու քայլեց դեպի պատուհանը:
-Գիտե՞ք, Արսեն
ջան… երիտասարդ եք… բայց պիտի սովորեք քննադատություն ընդունելը…
-Լսում եմ,- դեմքիս
ժպիտ գծագրեցի: «Ի՞նչ է ուզում, ճպպացրու դեմքիս, մեծ տղա եմ»,- մտածեցի:
-Օրինակ… ինչու՞…
Այ, մեր տաղանդավոր աղջիկը տեքստը այսպես է սկսել. «Անսեռունակ, անկենդան, պողպատյա միատարր ճիչը մեղմիկ
տժժոցին ճանապարհորդակցելով՝ քիչ մնաց սպաներ, և
ինձ տարան մորգ: Հետո ընկերներս եկան տուն մերոնց հաղորդելու, որ ինձ շատ են
սիրել ու ցավում են ծաղիկ հասակում մեռնելու համար...»:- Ապա թեթև պաուզայից հետո հարցրեց,-
նկատու՞մ եք։
-Ինչը՞:
-Այ խնդիրն այստեղ
է,- մատը խորհրդավոր վեր տնկեց Ասլամիզիրյանը,- հիմա կփորձեմ բացատրել… Այս տեքստը
միանգամից բեռնում է ու տանում…
-Դեպի ու՞ր:
-Դեպի էկզիստենցիալ
հոգեթերապիա, Արսեն ջան:
- Դա ի՞նչ է:


