вторник, 17 марта 2015 г.

Դոշ տվողը

Գոշան շատ ամուր ձգեց փողկապը ու շփեց այտը: Լավ եմ թրաշվել:
Այսօր երիտասարդ պատգամավորների նիստն է: Հարկավոր էր կարգին պատրաստվել:

Նիստին ներկա էր իսկական ազգային ժողովի նախագահը՝  Անդրանիկ Պետիկյանը: Պետիկյանի տրամադրությունը բարձր էր, ասում էր «դուք մեր ապագան եք, ջահելները, վու՜խխ...»:  Պարոն Պետիկյանը բարձրացավ ամբիոն:

-Ողջունում եմ նորաստեղծ Երիտասարդական խորհրդարանի անդամներին: Կարևորում եմ երիտասարդության իրական ներուժի ու նախաձեռնողական հնարավորությունների իրացման համար երկխոսության ապահովումը: Երիտասարդական խորհրդարանը կարող է երիտասարդների համար դառնալ ինքնադրսևորման, սեփական հնարավորություններն իրացնելու ասպարեզ:  Չի բացառվում, որ ձեզանից շատերին ամենամոտ ապագայում տեսնենք մեծ քաղաքականության ամենաառաջին շարքերում, պետական ամենաբարձր օղակներում: Մեր հանրապետության նախագահի կողմից Երիտասարդական խորհրդարանի անդամներին շնորհավորական ուղերձ եմ հղում ու մաղթում  արդյունավետ գործունեություն:

Վերջին տողերը ուղեկցվեցին ոչ քցիպ  ծափահարություններով:

Երիտասարդական կոչվող խորհրադարանը   իրենից ներկայացնում էր  կուսակցութունների երիտթևեր, ՀԿ-ների ու  ուսխորհրդի ներկայացուցիչներ:

Գոշան միանգամից երեք կառույցի անդամ էր: Մի խոսքով՝ երեքը մեկի մեջ: 

Շատերը Գոշային ճանաչում էին որպես բարի ու լավ տղա. համալսարանում աղջիկներին խիստ գլուխ էր տալիս («պրի» վանկում գլուխը իջեցնում, «վետ» վանկին գլուխը բարձրացնում) ու դեմքին ժպիտ փոխանցում:

Գոշայենց ՀԿ-ն բարեգործական էր: Գործը կայանում էր աղքատ ընտանիքների համար շորեր հայթայթելու մեջ: Ֆեյբուքում տեղադրում էին հավաքված շորերի լուսանկարները ու տարածում ցանցով մեկ: Գոշան ջղայնացած քոմմենթներ էր գրում. «Դուք հաճախ եք փնովում «Աշխատենք ապագայի համար» կուսակցությանը, բայց սատկում եք երկրի համար մի երկու բան անել… էտ եք էլի…»:  Ֆեյսբուք շատ էր սիրում Գոշան, հաճախ էր տարբեր կալիբրի նախարների հետ լուսանկարները  Ֆեյսբուքով մեկ ի լուր անում: Ու հաճախ նրա հագի շորերը ավելի պաշտոնական էին, քան նախարարներինը: Իսկ պրոֆիլի լուսանկարը դասական էր.  կոմպի առաջ, ձեռքերը գրասեղանին խաչաձև մեկնած ու դեմքին Մոնա Լիզայի ժպիտը:

Ֆեյսբուքում ամենաշատը աչքի էր ընկնում կուսակցության նախագահի վրա հարձակումները դոշով փակելով: Երբեմն Գոշայի փաստարկներն ուժեղ էին,  բայց երբեմն էլ ծաղրի էր ենթարկվում, այդ պահերին մտածում էր՝ Կուսակցության նախագահը հաստա՞տ գիտի, որ էստեղ դոշ եմ տալիս:

Գոշայի համար ամենազզվելի օգտատերը Կողակյանն էր:  Երբեմն  մի քանի կուսակից ընկերների միջոցով  հաջողվում էր քոմենտախեղդ անել Կողակյանին, բայց ոչ միշտ:  Մի օր Կողակյանը իր ստատուսում գրել էր, որ «Աշխատենք ապագայի համար»  կուսակցության նախագահը բիզնեսմեն ու գործարանապետ է, քան կուսակցապետ: Գոշան չդիմացավ ու անցավ հակահարձակման:

-Ինչ վերաբերվում է Այդ Մարդուն, ապա ավազի գործարանը և այլ ցեխեր կյանքի են կոչվել Այդ Մարդու անձնական ջանքերի ու նախաձեռնությունների շնորհիվ, ինչի արդյունքում վերջին մեկ տարվա ընթացքում աստեղծվել է ուղիղ 2112 աշխատատեղ: Սա լոկ խոսքեր չեն, այլ՝ իրականությունԵթե այդքան սրտացավ եք, ապա գոնե մի անգամ հաշվի արեք այս փաստերը: Լավն էլ  մեկ-մեկ ընդունեք, այլապես կհիվանդանակ:

Իսկական ստեղնաճառ էր: Enter սեղմելիս Գոշայի աչքերում արցունքներ հայտնվեցին: «Տենաս գիտի՞»,- հուզախառը թուքը կուլ տվեց:

Գոշան Ֆեյսբուքը միացրած թողեց ու խառը մտքերով գնաց ծխելու: Երբ վարադարձավ, Կողակյանը հասցրել էր հինգլայքանոց մեկնաբանություն անել. «Գոշա ջան, իսկ ո՞ր օրենքն է թույլ տալիս է Այդ Մարդուն բիզնեսով զբաղվել»:  Գոշան կատաղեց ու հարձակվեց ստեղնաշարի վրա:

- Նորից եմ ասում, խնդիրն այն է, որ Այդ Մարդու լավ կողմերը չեք ուզում տեսնել: Ես շատ լավ եմ հասկանում, որ թիրախ եք ընտրել Այդ  Մարդուն ու գիշերցերեկ կպնելու տեղ եք փնտրում: Դա հեշտ է: Սակայն, հենց խոսք է բացվում Այդ Մարդու նախաձեռնությունների մասին, լալ եք կտրում:  Միայն Այդ Մարդուն եք համարձակվում կպնել, դուխով տղա եք…

Վերջին կետիկները Գոշայի սրտով էին: Սակայն Կողակյանի կողերը հաստ էին. «Այնուամենայնիվ, Գոշա ջան, չասացիր, թե ո՞ր օրենքն է թույալատրում պաշտոնյային բիզնեսով զբաղվել»:  Գոշան նկատեց, որ էսպես շարունակվել չի կարող, պետք է խաղից գեղեցիկ դուրս գալ:

-Կողկյաններ ու կողակյանանմաններ, եթե վստահ լինեմ, որ մեր քննարկումներից առողջ միտք է ծնվելու, պատրաստ եմ շատ երկար քննարկել, սակայն դատելով տրամադրություններից, անիմաստ է բանավիճել: Այստեղ կա միայն վատը տեսնելու մոլուցք: Ձեզ նմանները ծաղրածուներ են, քանի որ պատասխանատվությունից զերծ եք մնում: Կմանսակցեի հետագա քննարկումներին, բայց, ավա՜ղ, այստեղ միայն հոտած շուկայի հոտ է գալիս:

********

Գոշան ևս կես տարի ռոդենական Մտածողի դիրք ընդունած Այդ Մարդու նկարները տարածեց սոցցանցերով մեկ:
Մեկ տարի հետո Գոշան ավազի գործարանի փոխտնօրենն էր:
Երկու տարի հետո  նախարար էր:
Երեք տարուց հետո ոչ միայն ավազի գործարանի սեփականատեր էր… Արդեն ֆեյսբուքում նրա համար էին դոշ տալիս...




«Կուսակցության նախագահը հաստա՞տ գիտի, որ էստեղ դոշ եմ տալիս...»

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
2014, դեկտեմբեր



Комментариев нет:

Отправить комментарий