вторник, 27 января 2015 г.

Ֆանտոմ

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի

Հոսպիտալի ամայի բակում դիտելու բան չկար, բայց ներքին հողմաշենցի Եղիշը շարունակում էր պատուհանին կպած` մահճակալից ուսումնասիրել դուրսը: Երրորդ շաբաթում ընկերների գալ-գնալը սպառվել էր և ահա մենակ էր մնացել ինքն իր հետ: Խորհելու առանձնակի բան էլ չկար. ամեն ինչ որոշված էր, ամեն ինչ ավարտված էր: Թվում էր Եղիշին:


Արդեն չեր լացում: Երրորդ օրը լքել էր շոկային վիճակը, իսկ չորորդ օրը, նայելով զրկված վերջույթին, արտասվել է առաջին դասարանցու պես: Այո, կյանքում հենց երկու անգամ է արտասվել. առաջին զանգի օրը, երբ մայրը քարշ տալով դպրոց էր տանում, և հիմա… Համենայն դեպս, ինչքան լարում էր հիշողությունը, ուրիշ դեպք չէր հիշում:

Սրիկա սակրավորը լավ չեր մաքրել դաշտը… Եվ եղավ այն, ինչ եղավ: Լավ էր հիշում, վերջինն էր ջոկում, իրար ոտնահետքեր կոխկրտելով վազում էին… և բաբա՜խ… ПМН թռցրել էր ձախ ոտքը, լավ էր գոնե վազքի մեջ էր, թե չէ աջն էլ կվնասեր: Ցավում էր իրենից բաժանված ոտքը… Նա ինչ-որ տեղ կարդացել էր, որ դա ֆանտոմային ցավ է կոչվում (մահճակալին նստելիս աջ ոտքը հենում էր գետնին, աջի ետևից մեխանիկորեն քարշ էր տալիս գոյություն չունեցող ձախը…):

Խոհերից նրան հանեց պալատ մտած բուժքույրը կրետորոլի հերթական չափաբաժնով: Երբ պատրաստվում էր դուռը փակել, Եղիշը ձայն տվեց:

-Հը՞, բուժքույր, խաշը լա՞վն էր:
-Թուրքերից պետք է հարցնել,- լայն բերանով ժպաց բուժքույրը՝ սովոր նման կատակների:

«Ի՞նչ խաշ,- մտածեց նա,- չաղալներին փայ գնացած կլիներ ոտքս»:

«Ամեն ինչ վերջացած է»,- մտածում էր Եղիշը: Ոտքի մասին չէր մտածում, այլ աղջկա՝ Կարինեի: Երեկ եկել էր ծաղիկներով: «Երևի հոլիվուդյան ֆիլմերից է սովորել…»,- մտածում էր Եղիշը: Նա՝ Կարինեն, բանասիրական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի էր: Եղիշը չգիտեր, թե ինչ է գտել աղջիկն իր մեջ: Հավանաբար, ռոմանտիկ էր թվում աղջկան զինվորական ծառայությունը:

Երեկ գլուխը կախ, ոտքերով դանդաղ տկտկացնելով մոտեցել էր մահճակալին: Իրեն մի կերպ էր զսպում (երևի մեծերը խորհուրդ են տվել, որ հանկարծ արցունք չթափի հաշմանդամի մոտ): Եղոն զգում էր, որ դրության տիրակալը ինքն է: Տնտղում էր աղջկա հոգին, ինչպես աստված: Գեթ մի բառով, ինչպես ասեղ, կարող էր ծակել հոգի կոչվող ամպը, որտեղից հորդառատ անձրև կտեղար: Նրա միջի սադիզմը ցանկանում էր ասել՝ կուզե՞ս տեսնել կարկատած վերջույթս: Իրերի դրությունը փոխվեց, երբ աղջիկը խոսեց:

-Ո՞նց ես:
-Ոչինչ,- պատասխանեց անկեղծ, դա էր իր կեցության իրական վիճակը:

Զրույցը ոչ մի կերպ չեր կպնում: Եղոն ցանկանում էր, որ աղջիկը գնա: Գիտեր, որ կարգն է ստիպում մնալ: Ի՞նչ խոսեին: Լավ աղջիկ էր Կարինեն, Եղիշը ազատ օրերին ֆռֆռում էր համալսարանի միջանցքով, տեսել ու դուրն էր եկել: Դե ժամանակն էր ընկերուհի ունենալ, այդպես էին ասում:

Բայց Եղիշը քաշվում էր նույնիսկ ձեռքից բռնել: Մատով կպած չկար:

Լավ էր խոսել, քան լռել:
-Ձերոնք ո՞նց են:
-Լավ են…
-Բա ինչու՞ ես հոնքերդ կիտել:
-Չեմ կիտել,- ժպտախառը գլուխը օրորեց Կարինեն:

-Ի՞նչ ես բերել տոպրակի մեջ,- հաղթահարեց չկամության գիծը:
-Ուտելու բան,- գլուխը կախ գցեց ու ժպտաց:
-Դու՞ ես պատրաստել:
-Հա…
-Համո՞վ բան է: -Եղիշի հարցից աղջիկը ծիծաղեց:

Ծիծաղը ընկղմվեց լռության մեջ: Եղոն առաստաղին էր նայում ու խոր շնչում: «Ի՞նչ անեմ, որ գնա»: Աղջիկն էլ գլուխը քառասունհինգ աստիճան հակած գետնին՝ ուտելիքով տոպրակն էր պահում ծնկներին: Դրությունը փրկեց աղջկա հեռախոսի զանգը, նա չպատասխանեց:

-Մաման է:
Ի պատասխան՝ Եղիշը գլխով արեց:
-Պիտի գնամ… Գալու եմ,- ասաց աղջիկը:

Եղիշը խոժոռեց դեմքը (վստահ լինելով, որ աննկատ կմնա):

-Շնորհակալություն…
-Քեզ շնորհակալություն…
-Ինչի՞ համար,- թույլ հարցրեց Եղիշը:
-Հայրենիքի…- քիչ մտածելուց հետո պատասխանեց աղջիկը:

Եղիշի մարմինը քմծիծաղից ցնցվեց:

Աղջիկը գնաց, հետո Եղիշը խոր քուն մտավ: Հաջորդ օրը ավելի լավ էր, քան երեկ: Նախաճաշին համտեսում էր աղջկա փաթաթած տոլման: Այնքան շատ էր բերել, որ այցելության եկած սպան չհրաժարվեց փորձել:
-Ուր է թե մեր հիմարը կարողանար այսպես պատրատել,- չմչմփացնում էր սպան:

Վերևից խոստացել էին պայմանագրային Եղիշի համար լավ պրոթեզ պատվիրել: Իսկ տղերքը հավաստիացնում էին, որ ճիգ գործադրելու դեպքում հնարավոր է նույնիսկ առանց կաղալու քայլել, ինչ-որ մեկի օրինակն էին բերում:

Եղիշը ուզում էր լացել, բայց ոչ ոտքի համար…

Սպասում էր սպայի գնալուն: Չարժեր մոտը լացել, սխալ կհասկացվեր:

Комментариев нет:

Отправить комментарий