пятница, 14 ноября 2014 г.

Ղարաբաղյան դատավարություն


Արցախում թատրոն չկա, կինո, ակումբ, ստրիպտիզ, փաբ, հազար ու մի բան… Արցախում զվարճանալու վայր չկա: Սխալվում եք:
Թունդ ընդդիմադիր, նախկին դասախոս Կարեն Գիլունցի դատավարությունն էր: Չգիտեմ ինչ էր ու ոնց էր, բայց իբր Կարեն Գիլունցը հունիսին կնոջ հետ մտել էր համալսարան, ռեկտորը թե պրոռեկտորը ասել է՝ չի կարելի մտնել, ռեմոնտ է գնում: Գիլունցը էստեղ ջղայնացել է, ռեկտորի ու պրոռեկտորի մերերին է քրֆել, մոտ վազած համալսարանական բանվորներին անվանել է ռեկտորի չմոներ: Գիլունցը: Սրանով չի բավարարվել: Բանվորներից ամենատարեցին՝ Գագո ձյաձյային, բասկետբոլի գնդակի պես նետել է գազոններն ու քացու տակ գցել: Գիլունցի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: 
Սա ասում եմ վկաների ցուցմունքից, Գիլունցը, իհարկե, հակառակն է ասում՝ քաղաքական ճնշում է, բռնապետություն, կլեպտոկրատիա և այլն:
Ահա դատավորը դխդխկացնում է: Գյուղական գերազանցիկի տեսք ունի: Ակնոցով քիչ նման է Լավրենտի Բերիային: Թուղթը ձեռքն առնելով, պաշտոնական տոնով սկսեց կարդալ սարսափազդու դատական ձևականությունները: Երկար ճառից հետո հրավիրեց վկային:
Մոտ եկավ ապխտած ձկան պես 35-40-ամյա երկարավուն վկան:
- Անուն-ազգանուն, քաղաքացիություն, ազգություն, ” գյուղական ինտոնացիայով վրա բերեց դատավորը:
- Ադամյան Խորեն… հայ… Ղարաբաղ…- պատասխանեց գրեթե լացակումած:
- Ի՞նչ էինք անում, երբ Գիլունցը մտավ համալսարան:
- Դե, պարոն դատախազ… ” չհասցրեց ասել, դատավորը մրճահարեց:
- Այղ տղաա՞, բա պա՛րոն դատախազն ո՞վ ա,- բերանը ծռեց՝ գյուղական ինտոնացիան ուժգնացնելով: Վկան ձեռքից բաց թողեց ինքնատիրապետումը…
- Դեե…
- Պարոն դատավոր,- հիշեցրեց դատավորը:
- Հա, պարոն դատավոր, անշարժ գույք էինք իջեցնում…
- Այ տղաա, անշյարժ գույքը ոօ՞նց էիք իջեցնում, շենքը իջեցնո՞ւմ էիք,- վրա բերեց դատավորը, այս անգամ հիմարավուն ժպիտով:
Դահլիճը զսպեց փռթկոցը: Դատավորը մուրճով նկատողություն արեց:
- Դե նստարաններ էինք իջեցնում:
Դատավորը խոր շունչ քաշեց ու արտաշնչեց, ընթացքում չզգաստացավ դահլիճը:
- Գիլունցը ծեծե՞լ է ամբաստանյալին:
- Այո:
- Ո՞նց:
- Այ այսպես, սենց ու սենց, ոտքերով, քացու տակ…
Դահլիճը դժվարությամբ սանձեց ծիծաղը:
- Այ տղա, բա ինչո՞ւ ես ձեռքերով ցույց տալիս, ձեռքերո՞վ է քացու տակ գցել,- ասաց դատավորը ու մուրճով կարգավորեց թեթևսոլիկացած դահլիճը: Երկար-բարակ, ոչ, շատ երկար հարցաքննությունից հետո (որովհետև վկան, մեղմ ասած, անադեկվատ էր), դիմեց մնացածին:
- Հարցեր կա՞ն:
Ամբողջ ընթացում դեմքը ձեռքերի մեջ թաղած տուժող Գագո ձյաձյան վեր կացավ ու կատաղած շան պես նայեց Արթուրին… մեկ, երկու, երեք վայրկյան…
- Խորեն, դու տուպո՞յ ես:
- Հանգստացե՛ք,- հիստերիայի մեջ չխչխկացրեց դատավորը:
Դահլիճում շշուկներ տարածվեցին. «Դե հարցեր էր ուզում, մարդը հարց տվեց…»… Նորից փռթկոցներ ու նորից թխթխկոց:
Դատավարության ընթացքում տանջանք, բայց միաժամանակ համբերություն արտահայտող Երևանից հրավիրված հայտնի փաստաբան, նման գործերի մասնագետ Ամալյանը տեսքով կարող էր լացացնել ցանկացածին: Հերիք չէ, որ մարդիկ Ղարաբաղի շրջանների տարբեր բարբառներով էին խոսում, դատավարությանը խանգարում էր փաստաբանի ետևում տեղակայված կիսաբաց պատուհանից լսվող կռազների ու կամազների ղռոցները:
Նա բոլոր զգայարանները պրկել էր ղարաբաղի բարբառը մարսելու համար, ինչը հայելու պես արտահայտվում էր դեմքին: Պետք էր աշխատել արտակարգ պայմաններում:
- Պարոն փաստաբան, դժվարություններ կա՞ն բարբառի ընկալման հարցում:
- Ոօօչ, ո՛չ, շնորհակալություն, պարոն դատավոր…-ասաց ու հետ ընկավ բազկաթոռին:
Փաստաբանական հսկայայական փորձն էր օգնում հասկանալ բարբառը:
Հաջորդը վկան ծնունդով Ղարաբաղի Ծմակ գյուղից էր:
- Դարչինյան Ռափիկ:
- Ազգությունը:
- Ըն.. դեե.. ղարաբաղցի տղա եմ էլի, ամուսնալուծված…,- ձեռքերը տարածեց Ռափիկը:
- Այ տղա, ազգությունդ ղարաբաղցի՞ աա,- թխթխկացրեց դատավորը:
Նորից փրթփրթաց դահլիճը… ավելի շատ ցնցվելով «ամուսնալուծվածի» վրա:
- Ի՞նչ է արել Գիլունցը, վկա Դարչինյան:
- Դե չեմ հիշում…
- Ո՞նց:
- Դեե…
- Ի՞նչ «դե», մի հատ լրջացեք,- վկայի վերաբերմունքից դատավորը բացած բերանը կլորացրեց ու խստացավ:
- Պատերազմ… -, ասաց Ռափիկը
- Ի՞նչ պատերազմ:
- Դե պատերազմը… բանը…
- Բան չեմ հասկանում,- շունչը պահեց դատավորը:
- Պատերազմ բան ա եղել, չեմ հիշում էլի…
- Պատերա՞զմ… 20 տարի առաջ է եղել:
- Հա, դե սենց-նենց… հազար բան է եղել… չեմ հիշում… հիշողություն չկա…
Հաջորդը համալսարանի հավաքարարուհին էր: Աշխատավոր մարդ, սոցիալական ցածր խավից: Դա էին վկայում շորերը, հատկապես՝ էժան ներկով ներկված մազերը:
- Ինչո՞վ է ձեզ խանգարել Գիլունցը:
- Դե հասարակական կարգն է խանգարել…
- Այսինքն…
- Դե մենք աշխատում էինք, նա էլ կռիվ սարքեց:
- Ի՞նչ էիք անում:
- Պոլերն էի լվանում:
- Դրանով ձեզ խանգարե՞ց:
- Այո…
- Հասարակական կարգը՞:
- Այո,- շառագունած դեմքով պատասխանեց հավաքարարուհին, որից այն կողմ ինֆարկտ է լինում (դատավորի հարցերը խլեցին կենսական ուժերը):
- Հաջո՛րդը:
Հաջորդը Հիտլերի բեղով և Չերչիլի կլորավուն դեմքով բանվոր էր, 40-ի ու 45-ի արանքում:
- Անուն-ազգանուն, ազգություն, բնակության վայր, տարիք:
- Հայ, Ղարաբաղ, դե մի 40 էլի, պարոն դատավոր…
Էս անգամ չդխդխկացրեց, հոգնել էր: Թե չէ կասեր՝ ի՞նչ է նշանակում մի 40 էլի: Բայց դահլիճի վրայով թեթև ժպիտ սահեց:
- Ի՞նչ է արել Գիլունցը:
- Մայրական գծով հայհոյել է:
- Ու՞մ:
- Պրոռեկտոր Ջամալյանի վրեն…
- Ջամալյանն ի՞նչ է պատասխանել:
- Ասել է՝ ամոթ չի՞, անցիր գնա:
- Բա Գիլունցը ո՞նց է պատասխանել:
- Ասել է՝ լավ եմ անում, դուք ռեկտորի չմոներն եք: Ու էլի ծնողական մոմենտով ուշունցներ է տվել:
- Է՞լ ում է հայհոյել:
- Ինձ էլ, Գագո ձյաձյային էլ:
- Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել:
- Մոտեցել ենք, որ անջատենք, Գիլունցը նորից ասել է՝ ես քո մերը, ես քո հերը, սենցդ ու նենցդ…
- Հետո՞:
- Գիլունցը չի հանգստանում, վեր ընգած Գագո ձյաձային քացու տակ է գցում:
- Հետո՞:
- Պրոռեկտոր Ջամալյանը մեզ ասում է՝ մոտեցեք ու ոտքի կանգնեցրեք Գագո ձյաձյային:
- Հետո՛:
- Մոտենում եմ, թե Գագո ձյաձյային օգնեմ, նորից վրա է տալիս՝ ձեզ սպանելու եմ, գնացեք այստեղից:
- Հետո՛:
- Վախեցել ենք, էլ ոչ մի բան չենք արել, Գագո ձյաձային վերցրել ենք ու գնացել շենք:
- Հետո՛:
- Դա չի հերիքել Գիլունցին, նորից սկսել է հայհոյել, մորով… բանով…
- Հետո՛:
- Նրա ընկերոջն ենք զանգել, որ գա տանի… էլի չի հանգստացել:
Վերջապես գրոհի անցավ փաստաբանը՝ սիրալիր քաղցր տակտիկայով:
- Դուք Գիլունցին ասել եք մատաղ լինեմ, իսկ նա ձեզ ծանրագույն հայհոյա՞նք է տվել:
- Այո, հայհոյանքները չի էլ դադարեցրել… երբեք… բոլորի առջև:
***
Կարեն Գիլունցի գործը կարճվել է: Այսօր բոլոր վկաները նրան տեսնելով, շրջանցում են, որ հանկարծ կյանքում գրչից ծանր բան չբռնած Կարեն Գիլունցը բասկետբոլի գնդակի պես չնետի գազոններն ու մեր քրֆի:


Հայկ Ղազարյան: Լուսանկարը Մարութ Վանյանի








Комментариев нет:

Отправить комментарий