понедельник, 10 сентября 2012 г.

Հայկական ունիոնիզմ | Հետք online


Մոլդովայում ու Ռումինիայում ապրող մարդկանց մեջ ծագում է մի հարց. ինչո՞ւ չեք միանում, չէ՞ որ նույն ժողովուրդ եք, լեզուն նույն է և այլն: Բելառուսի ու Ռուսաստանի միջև այսօր սահմանները բաց են, այս երկու երկրների քաղաքացիները կարող են ազատ ճամփորդել ու աշխատել իրար հետ: Սակայն Բելառուսի նախագահ Լուկաշենկոն կատաղի պաշտպանում է իր երկրի ինքնիշխանությունը:
Մոլդովայի նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինն էլ հիացմունքով չէր ընդունում Ռումինիայի հետ միացման գաղափարը, իսկ այժմյա նախագահ Նիկոլաե Տիմոֆտին ասում է. «Մոլդովայի ժողովուրդը պիտի որոշի միացման գաղափարը»: Ինչո՞ւ է այսպես: Սա բացատրվում է նրանով, որ ոչ Մոլդովայի, ոչ էլ Բելառուսի նախագահները, բնականորեն, ցանկություն չունեն հրաժարվել նախագահի պաշտոնից ու կարգավիճակից և դառնալ, լավագույն դեպքում, մարզպետներ:

Ճիշտ է, կա վարկած, որ միացման դեպքում Մերձդնեստրը լուրջ փաստարկ կունենա Մոլդովայի կազմից դուրս գալու համար: Բայց, այնուամենայնիվ, դժվար թե Լուկաշենկոն կա Տիմոֆտին սեփական կամքով մի օր կասեն՝ ցտեսություն, այսուհետև մենք նախագահներ չենք, սեփական կամքով մենք հրաժարվում ենք նախագահ լինելուց: Դժվար է պատկերացնել, առավելևս, որ նախագահներից բացի՝ երկրի բոլոր նախարարները, մարզպետները, քաղաքապետները, ժպիտները դեմքներին, կասեն՝ ցտեսություն, մենք հրաժարվում եմ մեր պաշտոններից:
Իսկ Մոլդովայի այժմյան նախագահ Տիմոֆտիի՝ «ժողովուրդը պիտի որոշի» դիրքորոշումը, ամենայն հավանականությամբ, բացատրվում է նրանով, որ տարիների ընթացքում Մոլոդովիայի ժողովրդի մեջ թուլացել է միացման ունիոնիզմի գաղափարը: Ունիոնիզմ բառը ռումիներեն է և պարունակում է «միություն» արմատը: Այս գաղափարը վերելք ապրեց 80-ականների վերջում, ինչպես մեր «միացումը»: 20 տարվա ընթացքում Մոլդովայում ձևավորված քաղաքական և տնտեսական վերնախավը չի ուզում կիսել իշխանությունը ռումինացիների հետ, չնայած տարբեր քաղաքական գործիչներ երբեմն բարձրացնում են այդ հարցը: Ինչևիցե, Մոլդովայում ունիոնիզմի կողմնակիցները ավելի քիչ են, քան Ռումինիայում: Տարիների ընթացքում Մոլդովայում թուլանում է ունիոնիզմի գաղափարը:
Իհարկե, դեռ վաղ է բերված օրինակներով խոսել Ղարաբաղի ու Հայաստանի մասին: Բայց հաշվի առնելով, որ Քաշմիրի հակամարտությունը 64 տարեկան է, իսկ Թայվանինը՝ 63, բնավ չի բացառվում, որ Ղարաբաղը հակամարտությունը նվազագույնը մի այդքան ձգվի: Նշված ժամանակահատվածում կարող են շատ ձևափոխություններ կատարվել: Այսօր էլ Արցախը չի ապրում Հայաստանի քաղաքական կյանքով: Ղարաբաղում իրենց սեփականը չեն համարում ՀՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» և նման երևույթները, որովհետև համարում են, որ այդ ամենը կատարվում է հարևան երկրում:
Քսան տարվա ընթացքում Արցախում ձևավորել է Հայաստանից տարբերվող քաղաքական կուլտուրա: Եվ երբ, օրինակ, ԼՂՀ նախագահական ընտրությունները հայաստանցի լրագրողները դիտում են Հայաստանի ընտրությունների «պրիզմայով», տեղի է ունենում թյուրըմբռնում: «ԼՂՀ կուսակցություններից ոչ մեկը չսատարեց Վիտալի Բալասանյանին» միտքը կարելի էր տեսնել տարբեր լրատվամիջոցներում: ԼՂՀ կուսակցություններն ուրիշ երևույթ են, որը չի կարելի «հարթեցնել» Հայաստանի կուսակցությունների հետ: Անկախ նրանից՝ մարդիկ դա ճիշտ են համարում, թե սխալ՝ պետականաշինության հիմնաքարը Ղարաբաղում դրված է:
«Երբ սկսվի Ղարաբաղը ճանաչվել, մեր ժողովուրդը պիտի հանրաքվե անի, միանա, վերամիավորվի Հայաստանի հետ»,- նման միտք էր հայտնում ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Չեմ կարծում, որ Բակո Սահակյանը կամ Արկադի Սողոմոնյանը սրան հակասող միտք հայտնած լինեին: Բայց հարց է ծագում, թե նրանցից ո՞ր մեկը ցանկություն կունենա նախագահ ընտրվելու դեպքում նախարարների ու գյուղապետների հետ պաշտոնը թողնել, չնայած նրան, որ Արցախը Հայաստանից տնտեսական և ռազմական գերկախվածություն ունի: Քանի որ, մեր երկրները այնքան էլ բռնապետություններ չեն (թեև ԶԼՄ-ներում հակառակն է ասվում), ապա վերջնական խոսքը, այնուամենայնիվ, պատկանում է ժողովրդին:



Hetq
Հայկ Ղազարյան

Комментариев нет:

Отправить комментарий