вторник, 18 июня 2013 г.

Խղճահարանքի այցը

-Սպանել պատերազմում և սպանել պատերազմից դուրս՝ լրիվ տարբեր բաներ են,- հայացքը հեռուները գցելով, խորհում է լեյտենանտ Հովսեփյանը:

 
Պատերազմի վերջերն էր, զինանոցի վերածված տունը մտավ գնդապետը, հրամայված էր հավաքվել: Թշնամին առավոտվանից գրոհի էր անցել, գնդապետը գտնում էր, որ պատժակիրների դիրքերը թույլ են և պետք է օգնել:


 
Տասնհինգ րոպեից վաշտը կազմ ու պատրաստ ուղևորվեց: Որքան մեծ էր զարմանքը, երբ դիրքերի առաջ տասից ավելի դիակներ տեսան: Պատժակիրներն իրենցից գոհ ժպտում էին թշնամու գրոհը հաջող կասեցնելու համար

Չհասցրին կես ժամ կարգին զրուցի բռնվել, թշնամին գրոհեց ամբողջ ճակատով: Պատժակիրների և օգնության հասած վաշտի ուղղությամբ երկու տանկ երկու զիլ հետևակով սողացին առաջ: Տղաները դիրքավորվեցին, գնդացրորդը օգնականի հետ հարմար տեղ փնտրեց, իսկ հաուբիցը հրաման ստացավ ապահովել կրակով: Հենց զիլերը կանգնեցին, գնդացրորդը սկսեց խաշել: Ասես պատվերով` լուսածիրը պայթեցրեց մեկի բակը, հետևակը խելագարի պես սկսեց դուրս ցատկել: Ավտոմատի կրակոցներով տղաները սկսեցին մեռցնել հետևակի խուճապահար շուրջպարը: Սաղ մնացած տանկն ու զիլը ճղեցին` թողնելով վիրավորներին ու սպանվածներին

 
Հովսեփյանը կապ էր պահում հաուբիցի հետ ու գեթ մի փամփուշտ չկրակեց: Հարևան աջ դիրքում հանգիստ էր, ձախում կարգին զարկեցին: Մինչև մութ ընկնելը բան չկար անելու, հավաքվեցին ու նորից շաղակրատանքի անցան

 
Հանկարծ հարևան աջ դիրքից սկսեցին աղաղակել ու կրակել:  Դու մի ասա` մի ասկյար կենդանի է մնացել ու ուզում է փախնել, հենց կրակում են, պարկում է: Հովսեփյանն ոգեպնդվեց ու ընկերոջ հետ առաջ շարժվեց:

200-300 մետր շառավիղով մեկ սև զանգված էր նշմարվում: Զանգվածի մեջ վիրավորներ կային, նրանցից մեկը նույնիսկ փորձեց նռնակ նետել: Հովսեփյանը սև կույտի մեջ շարունակ փնտրում էր կենդանի մնացածին: Վերջապես գտավ դիերի արանքում կուչ եկածին: 

-
Բարև, ի՞նչ է անունդ, - հարցրեց թեթև ադրենալին զգալով

-
Սամիր, - քարացած  ու խեղճացած աչքերով պատասխանեց ասկյարը:

 -
Որտեղի՞ց ես, բռատուխա,- վերջին բառը Հովսեփյանին ստիպեց ժպտալ:

 -
Սալյանից, - շունչը մի թեթև տեղը գցելով՝ արտաբերեց:

 -
Քանի՞ տարեկան ես

-
Քսանչորս,- շարունակեց երկյուղել:

 
Հինգ րոպես ևս շարունակվեց զրույցը: Ազերին պատմեց, թե ոնց են գրոհի եկել ու հայտնվել քաքի մեջ: Հովսեփյանը համոզեց իր հետ գնալ:

 -
Վիրավոր եմ, չեմ կարող,- լացակումած ցույց տվեց ձեռքի թեթև քերանքը

Հովսեփյանը շարունակեց համոզել, որ ոչ մի վտանգ իրենց մոտ չի լինելու:

-
Արա, դե մի վախեցիր, մատով չենք կպնի, ամեն ինչ կանենք, ձեռքդ էլ կփաթաթենք,- ջղայնությունից եռռալով համարյա աղերսեց Հովսեփյանը

Ազերին չէր ուզում հասկանալ

-
Լսիր` ստիպված գյուլելու եմ: Կամ հետս եկ, կամ վերջ եմ տալիս քեզ:

 -
Թող իմ մահով մեռնեմ, ինչու՞ ես սպանում,-դեմքը կճռոտեց ազերին: 

Մի քանի վայրկյան Հովսեփյանը կատաղության ու ատելության նոպայի մեջ ինքնամոռացվեց ու խփեց ջուխտ ոտքերը ժգուտով կապված կողքի ասկյարին:

 
Խոսելու հավես չկար, Հովսեփյանի ուլտիմատիվ հայացքը ամեն ինչ ասում էր: Ատելությամբ լցված աչքերի երկխոսություն սկսվեց. ազերին հասկացրեց, որ չի գալու

Խենթացած Հովսեփյանը կրակեց: Ճակտին փոքրիկ կետ բացվեց, ծոծրակին՝ փեղկ:

 «
Անասուն, մահանալուդ հաշվված վարկյաններ մնացած, ուզում ես խորամանկել: Չէ հա` «իմ մահով մահանամ»: Իհարկե, ուզում էիր մթնելուն պես ճողոպրեիր»,- եռռացող գլխում փախչող ազերու պատկերն առաջացավ:

 
Կես ժամից անցավ ատելությունը` իր տեղը զիջելով խղճահարանքի ցավին

****

Հովսեփյանը պատերազմից  հետո ատելությամբ ու ագրեսիվությամբ  լցված շատերին է հանդիպել, ովքեր ոչ մի առնչություն չունեին նրա հետ:

-Երբեք ատելություն մի քարոզեք, երբեք սրան կամ նրան չի կարելի մահ ցանկանալ:  Ցանկալի չէ հոգում նախօրոք ատելություն  սերմանելը, այսպես թե այնպես` այն ծնվում էառանց  քարոզչության:
****


 Հովսեփյանը չորսամյա պատերազմում շատ անգամ է դիպուկ կրակոցով թշնամուն գլորել, շատ անգամ է հոգեվարքի մեջ ընկերների տեսել, սակայն  անզոր Սամիրի սպանությունը տարիներ շարունակ տանջում է:

«
Բաց կթողնեի, եթե չփորձեիր խորամանկել, պարզապես ասեր` բաց թող»,- ամեն անգամ սիրտն էր հանգստացնում


Անցան տարիներ, սակայն խղճահարանքի ցավը չդադարեց այցի գալ Հովսեփյանին:





*պատմվածքը հիմնված է իրական փաստերի վրա
Հայկ Ղազարյան


Комментариев нет:

Отправить комментарий